Ի՞նչի համար է առաջին անգամ Նոբելյան մրցանակ տրվել տնտեսագիտության ոլորտում

ACSES
2 min readJan 4, 2021

--

Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակը պաշտոնապես կոչվում է «Շվեդիայի Կենտրոնական բանկի մրցանակ տնտեսագիտության ոլորտում ի հիշատակ Ալֆրեդ Նոբելի» (Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel): Ի սկզբանե՝ ըստ Ալֆրեդ Նոբելի կտակի, այն սահմանված չի եղել և ներդրվել է միայն1968թ-ին, երբ Շվեդիայի կենտրոնական բանկն իր հիմնադրման 300-ամյակի կապակցությամբ հանգանակություն է արել Նոբելի հիմնադրամին։

Ռագնար Ֆրիշը (ձախից) և Յան Թիմբերգենը (աջից)

Առաջին անգամ՝ 1969թ-ին, տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել նիդերլանդացի տնտեսագետ Յան Թինբերգենը (1903–1994թթ) և նորվեգացի տնտեսագետ Ռագնար Ֆրիշը (1895–1973) «տնտեսական գործընթացների վերլուծության մեջ դինամիկ մոդելներ մշակելու և կիրառելու համար»։ Նրանք հանդիսանում են էկոնոմետրիկայի առաջամարտիկները և մեծ ավանդ ունեն տնտեսագիտությունը բառերով հիմնավորված գիտությունից մաթեմատիկական մոդելներով հիմնավորված գիտության վերածելու մեջ։

Առհասարակ, «էկոնոմետրիկա» տերմինն առաջին անգամ օգտագործել է Ռագնար Ֆրիշը՝ բնութագրելու տնտեսագիտական վարկածների ստուգման համար մաթեմատիկական և վիճակագրական մեթոդների օգտագործումը: Բացի նրանից որ Ֆրիշը խրախուսում էր մաթեմատիկայի և վիճակագրության ակտիվ օգտագործումը տնտեսագիտության մեջ, նա նաև հորդորում էր, որ տնտեսագիտությունը պետք է ծառայեցվի իրական կյանքում հանդիպող խնդիրները լուծման: Իր գործունեության ընթացքում Ֆրիշը մշակել և զարգացրել է տնտեսական պլանավորման բազմաթիվ գործիքներ ու աճի մոդելներ, որոնք հաջողությամբ օգտագործվել են Նորվեգիայի կառավարության կողմից երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, սակայն նա առավելապես հայտնի է դինամիկ տնտեսագիտական մոդելավորման մեջ իր ունեցած ավանդով։ Մասնավորապես, 1933 թվականին նա մշակել է առաջին տնտեսամաթեմատիկական մոդելը, որը կարող էր նկարագրել գործարար ցիկլերի տատանումները:

Ֆրիշը առաջինն է օգտագործել «միկրոտնտեսագիտություն» տերմինը՝ բնութագրելու համար առանձին ձեռնարկության կամ ճյուղի ուսումնասիրությունը և «մակրոտնտեսագիտություն»-ը՝ բնութագրելու համար ամբողջ տնտեսության ուսումնասիրությունը:

Առաջին մասնագիտությամբ լինելով ֆիզիկոս, Թինբերգենը ուսանել է Լեյդենի համալսարանում, որտեղ էլ պաշտպանել է իր թեկնածուական ատենախոսությունը 1929 թվականին: Սակայն իր հետաքրքրությունները փոխվեցին դեպի տնտեսագիտություն, քանի որ նա մտածում էր, որ տնտեսագիտության միջոցով ավելի մեծ օգուտ կարող էր բերել հասարակությանը: Իր մասնագիտական գործունեության ընթացքում գիտական աշխատանքների համար նա միշտ ընտրել է թեմաներ, որոնք կօգնեին հաղթահարել ժամանակի ամենահրատապ սոցիալ-տնտեսական խնդիրները, ինչպես օրինակ՝ 1930-ականների Մեծ Ճգնաժամը, երկրորդ համաշխարհային պատերազմի արհավիրքները, աղքատությունը և այլն:

Թինբերգենը առաջին տնտեսագետներից էր, ով մշակել է բազմակի հավասարումներով տնտեսական մոդել: Մինչ այդ տնտեսական համակարգերի կամ դրանց առանձին մասերի ուսումնասիրության համար օգտագործվում էին պարզագույն մոդելներ: Մասնավորապես, 1930- ականներին նա Նիդերլանդների տնտեսության համար մշակել է 27 հավասարումներից բաղկացած էկոնոմետրիկական մոդել (աշխարհի առաջին դինամիկ մակրոտնտեսական մոդելը), որը նկարագրում էր ամբողջ տնտեսությունը տարբեր փոփոխականների և դրանց միջև առկա մաթեմատիկական կապերի միջոցով: Իսկ 1939 թվականի իր «Գործարար ցիկլերը Միացյալ Նահանգներում, 1919–1932» գրքում Թինբերգենը ներկայացրել է նաև 48 հավասարումներից կազմված մոդել Միացյալ Նահանգների տնտեսության համար:

--

--

No responses yet